15/05/2017 13:53
Ընտրություններին բազմաթիվ էին քվեարկության գաղտնիության խախտումները. Դանիել Իոաննիսյան
«Անկախ դիտորդ» նախաձեռնություն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արձանագրել է մի շարք խախտումներ, որոնք չեն եղել ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Մենք իրականացրել ենք դիտորդություն 60 ընտրական տեղամասերում: Բազմաթիվ են եղել քվեարկության գաղտնիության խախտումները. 77%-ով եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դրել են քվեախցիկից դուրս, 46%-ում քվեախցիկում եղել է ընտրողներից 1-ից ավելի մարդ: Բավականին համատարած էր օգնողների ինստիտուտը, ինչը այդպես արտահայտված չի եղել ԱԺ ընտրություններին. օգնողները գալիս էին նույնիսկ ընտրողների գալուց առաջ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնություն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ քվեարկության հաշվարկի ժամանակ էլ իրենց կողմից գրանցվել են լուրջ խախտումներ: Որպես օրինակ նա բերեց այն, որ 3/19 տեղամասում փորձ է արվել «ԵԼՔ» դաշինքի տրցակը դնել ՀՀԿ-ի տրցակի վրա, մեկ այլ՝ 7/53 տեղամասում, նրա խոսքով, պարզապես եղել է թվանկարչություն, հաշվարկ չի եղել:
«Անկախ դիտորդ» նախաձեռնություն, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էի իր հերթին ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունները իրենց խախտումների թվով գերազանցել են ԱԺ ընտրություններում խախտումներին:
«Առնվազն 5 տեղամասում մեր դիտորդների հասցեին եղել են սպառնալիքներ: Մեր դիտարկված տեղամասերի 38%-ում եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը կամ վստահված անձը զանգով կանչել է բացակա ընտրողներին», - ասաց նա: