23/05/2017 13:30
ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ հարվածային անօդաչուների առկայությունը
Հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախա-ադրբեջանական շփման գծի արդիականացումն ու տեսադիտարկող սարքերի տեղադրումը շարունակական գործընթաց է և արդեն իսկ տալիս է դրական արդյունք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
«Այդ գործընթացը բավական բարդ է ու ժամանակակից տոխնոլոգիաներ է պարունակում։ Հսկայական աշխատանք արդեն իսկ կատարվել է, և աշխատանքի հիմնական մասը իրականացվել է արցախա-ադրբեջանական շփման գծում, իհարկե, հայ-ադրբեջանական պետական սահմանի մի մասը նույնպես արդիականացվել է։ Այդ սարքերի միջոցով ոչ միայն ավելի վերհսկելի է դառնում հակառակորդի շարժը, այլև ավելի անվտանգ մեր զինծառայողների հերթապահությունը», - ասաց Լևոն Այվազյանը։
Նա ընդգծեց՝ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է անընդհատ լինեն, քանի որ ռազմական ոլորտում մի միջոցի համար պարբերաբար գտնվում են հակամիջոցներ։
Aysor.am-ի թղթակիցը խնդրեց Լևոն Այվազյանին մեկնաբանել վերջերս Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությունն, ըստ որի «հայկական կողմը հարվածային անօդաչու սարքեր է կիրառել»։ Բանն այն է, որ սա ՀՀ ԶՈւ սպառազինությունում հարվածային անօդաչուների մասին առաջին հիշատակումներ էր։
«Անօդաչու թռչող սարքեր մենք վաղուց ենք կիրառում, ինչ վերաբերում է հարվածայիններին՝ ես զերծ կմնամ մեկնաբանությունից», - ասաց նա՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով այս հարվածային անօդաչուների առկայությունը ՀՀ ԶՈւ սպառազինության կազմում։