31/05/2017 12:39
Վայքում փորձում են հարմարվել համայնքների խոշորացմանը
Հայաստանում համայնքների խոշորացման շրջանակում Վայոց ձորի մի քանի գյուղ՝ Ազատեկը, Փոռը, Արինը և Զեդեան՝ Վայք կենտրոնը ներառյալ, միավորվել են:
«Աշխատանք և հայրենիք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խոշորացման վերջնական արդյուքների մասին դեռ վաղ է խոսելը, սակայն այն, ընդհանուր առմամբ, բացասական երևույթ չէ, ինչպես ներկայացվում էր ծրագրի մեկնարկին:
Նրա խոսքով, խնդիր կա ՏԻՄ մարմինների աշխատանքն ավելի արդյունավետ և ակտիվ դարձնելու տեսանկյունից:
Ռուզաննա Ղազարյանը տեղեկացրեց, որ ՀԿ-ի ծրագրի շրջանակներում ձևավորված ոչ պաշտոնական ավագանու՝ «Քաղաքացիական Ֆորում»" անդամների հետ համայնքի զարգացմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում:
Մասնավորապես, Վայքում ստեղծվել է ԻնֆոՏուն, որը տեղեկատվություն ստանալու հարթակ է և լրացնում է մարզային լրագրության բացը:
«Եվրազիա հիմադրամի հետ համագործակցությամբ իրականացնում ենք «Վայք ԻնֆոՏուն» ծրագիրը: Ինֆոտների նպատակն է՝ ընդլայնել հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում՝ ներգրավելով հիմնականում երիտասարդների: Ունենք նաև համապատասխան ֆեյսբուքյան էջ՝ 750 հետևորդով», - նշեց նա:
ՀԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ իրականացվում են դասընթացներ ՏԻՄ ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան միջազգային տարբեր ֆինանսավորման ծրագրերի դիմել:
«Երբ մեզ են դիմում՝ իրենց փոխարեն ծրագրերի հայտերը լրացնելու խնդրանքով, մենք առաջարկում ենք սովորեցնել դիմել այդ ծրագրերին ինքնուրույն», - ասաց նա:
Բացի այդ, մեկ այլ ծրագրի շրջանակում ձեռք են բերել տրակտոր և երթուղային տրանսպորտ, որը վերը նշված բնակավայրերից երեխաներին անվճար տեղափոխում է Վայք, որտեղ էլ երեխաները հաճախում են սպորտի, մշակութային տարբեր ծրագրերի:
«Գյուղի երեխաներն էլ պետք է հնարավորություն ունենան գալ Վայք և օգտվել այդտեղի սոցիալական ենթակառուցվածքներից, այսինքն՝ սպորտդպրոցներից, երաժշտական և այլ խմբակներից», - ավելացրեց նա: