01/06/2017 15:57
Նման փաստաթուղթ, քննարկում չկա, այդ լուրերը սին են. Արմեն Խաչատրյանը՝ աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին
Հայաստանում աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին փաստաթուղթ չի նախատեսվում, նման քննարկումներ չկան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին հրապարակումներին:
«Նման նախաձեռնություն չկա, նման հարց մեզ մոտ ընդհանրապես չի քննարկվել», - ասաց Արմեն Խաչատրյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է ՃՈ-ն տեղյակ չլինի, բայց կառավարության որևէ կառույցում նման նախաձեռնություն լինի, Խաչատրյանը պատասխանեց.
«Ոչինչ չեմ բացառում, բայց կարծում եմ՝ ոլորտի պատասխանատուն՝ Ճանապարհային ոստիկանությունը, պետք է, որ տեղյակ լինի նման քննարկումների մասին, սակայն ես ճշտել եմ գերատեսչություններից, նման տեղեկություն չկա: Այդ լուրերը սին են»:
Հետաքրքրվեցինք, թե կա՞ վիճակագրություն, որ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային վթարների թիվը մեծ է, ինչպես նշվում էր երեկ տարածված տեղեկության մեջ, Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ նման վիճակագրություն չի վարվում ՃՈ-ի կողմից ու հավելեց.
«Ներկայացված տեղեկությունը, թե աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը շատ է, չի համապատասխանում իրականությանը»:
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում չի հասունացել անհրաժեշտությունը, որ ուսումնասիրեն՝ վթարը եղել է աջ ղեկով կառավարվող մեքենայի մասնակցությամբ, թե ոչ. «Նման փաստեր մենք չունենք, հետևաբար այդ ուղղությամբ ավելի լուրջ վիճակագրական տվյալներ չենք ձգտել ուեննալ»: