01/06/2017 20:30
Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը սոցիալապես անապահով երեխաներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն
«Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը» մոտակա ժամանակներս վերակազմակերպվելու է ցերեկային կենտրոնի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաստատության տնօրեն Ռուզաննա Հովհաննիսյանը:
«Մեր հաստատությունը նախատեսված է սոցիալապես անապահով երեխաների համար, որոնց թիվը մենք հասցրել ենք 45-ի», - նշեց նա:
Վերջինիս խոսքով՝ իրենց հաստատություն երեխաներն այցելում են անմիջապես դասերից հետո, և նրանց համար կազմակերպվում է և՛ սնունդ, և՛ խնամք, և՛ դասապատրաստում, նաև տրամադրվում են դասագրքեր, գրենական պիտույքներ, հոգեբանական և սոցիալական աջակցություն:
Նրա խոսքով՝ երեխաները մայիսի 26-ից գտնվում են արձակուրդում: Բացի այդ, ավելացրեց, որ ցերեկային կենտրոնի վերակազմակեպումից հետո յուրաքանչյուր սոցիալապես անապահով երեխայի համար արվելու է սոցիալական գնահատում՝ ըստ կարիքի, որից հետո տրամադրվելու է հատուկ օժանդակություն:
«Կան նաև շատ այլ սոցիալապես անապահով երեխաներ, ում վերակազմակերպումից հետո հնարավոր է ընդգրկենք մեր ծրագրում, քանի որ նախկինում ուղղակի այն փաստը, որ երեխան գիշերելու է ծնողներից հեռու, ստիպում էր ընտանիքներին հրաժարվել մեր հաստատություն հաճախելուց, իսկ վերակազմավորումից հետո նման խնդիր, կարծում եմ, չենք ունենա», - հավելեց նա: