06/06/2017 12:17
Համալսարանների համար առաջիկա երկու տարին դժվար է լինելու, դիմորդների թվի նվազում է սպասվում. Լևոն Մկրտչյան
Այս տարի հանրապետությունում դիմորդների թիվը նվազել է 15 հազարով՝ կազմելով 12 հազար դիմորդ, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկից հետո:
Նախարարը նշեց, որ 2018 թվականին 12-ամյա կրթության անցման պատճառով կրկին դիմորդների թվի նվազում է սպասվում:
«Դիմորդների փոքր թիվ կունենանք, համալսարանների համար էլ դժվար կլինի, բայց դրանից հետո թվաքանակը հասնելու է մինչև 35 հազարի», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ մյուս կողմից դիմորդների բախտը բերել է, քանի որ տեղերը շատ են, հետևաբար շատ ավելի դիմորդներ հնարավորություն կունենան բուհ ընդունվելու:
«Համալսարանների համար առաջիկա երկու տարիներին դժվար է լինելու, բայց դրանից հետո թվաքանակը հասնելու է մինչև 35 հազարի: Այժմ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ուսման վարձերի բարձրացում չլինի, հիմիկվանից գումար են տնտեսում, որ խնդրի առաջ չկանգնեն, մենք էլ ինչով կարող ենք, պետք է օգնենք նրանց», - ասաց Լևոն Մկրտչյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հանրապետությունում հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: