12/06/2017 16:03
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի որոշմամբ կստեղծվի անկախ փորձագետներից կազմված վերլուծական խումբ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հրավիրված նիստում որոշում կայացվեց հանձնաժողովին վերապահած ոլորտներում փորձագիտական և հետազոտական վերլուծական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծել «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խումբ, որը կգործի 5 տարի ժամկետով:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հրավիրվել են հետևյալ փորձագետները՝ Ռիչարդ Գրիգոսյան, Ստեփան Գրիգորյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Գագիկ Հարությունյան, Վաղարշակ Հարությունյան, Ալեքսանդր Մարգարով, Ջոնի Մելիքյան, Ռուբեն Մելքոնյան, Դավիթ Շահնազարյան, Մանվել Սարգսյան, Արամ Սաֆարյան, Ռուբեն Սաֆարյան, Հայկ Քոթանջյան, Ստյոպա Սաֆարյան, Տիգրան Թորոսյան, Անժելա Էլիբեգովա, Սարգիս Գրիգորյան, Վարդան Ոսկանյան, Վահրամ Տեր-Մաթևոսյան, Թևան Պողոսյան, Արթուր Ղազինյան:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հանձնաժողովի անդամ պատգամավորները կարող են ցանկում ընդգրկվելու փորձագետների անուններ ներկայացնել:
«Ցանկը բաց է լինելու: Սա պարզապես այն կազմն է, որով առաջարկում եմ սկսել աշխատանքները: Օրակարգային հարցեր կլինեն, որոնք նաև այլ նեղ մասնագիտական շրջանակներ կպահանջեն», - ասաց Արմեն Աշոտյանը:
Պատգամավորները մի քանի թեկնածություն ներկայացրին: Կարեն Բեքարյանը առաջարկեց նաև միգրացիայի մասնագետ ներգրավել խմբում, իսկ Արտաշես Գեղամյանը՝ ցեղասպանագետ:
«Ծառուկյան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր, Արարատ Զուրաբյանը, կարևորելով խմբի ստեղծումը, առաջարկեց այնտեղ ընդգրկել նաև ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանին:
Հանձնաժողովի անդամ պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծմանը:
Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ ցանկում արդեն իսկ ընդգրկված փորձագետների հետ առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը: