14/06/2017 11:03
«Իրատեսական ծրագիր է». Երևանում ծրագրում են ծայրամասերը կենտրոնին միացնող նոր ճոպանուղի կառուցել. Լուսանկարներ
«Երևաննախագիծ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի պատվերով, աշխատում է մայրաքաղաքում նոր ճոպանուղի կառուցելու նախագծի վրա: Ծրագրի նպատակն է քաղաքի կենտրոնը միացնել այլ համայնքների՝ Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Արաբկիր կամ Աջափնյակ վարչական շրջանների հետ:
«Լինելու է տրանսպորտային միջոց և ոչ թե ֆունիկլյոր, որը միացնելու է երկու վարչական շրջան: Նոր ճոպանուղին ծրագրում ենք, որ լուծի տրանսպորտային խնդիր, ասենք, Նոր Նորքը միացնի Կենտրոնի հետ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց «Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին համագործակցում են Լիոնի քաղաքապետարանի ու քաղաքաշինական գործակալության հետ՝ ծրագիրն ավելի ռեալ դարձնելու, այն հարստացնելու և հնարավոր ներդրողներ գտնելու ուղղությամբ։ Բացի այդ, Օհանյանի խոսքով, քաղաքապետարանի հանձնարարությամբ իրեն աշխատում են ֆրանսիական MDP Urban Concept մասնագիտացված ընկերության հետ համատեղ, որն օգնում է տեխնիկական առաջադրանքներն հասկանալու համար:
«Հետագայում պետք է արդեն հասկանանք, թե ինչ միջոցներով պետք է դա կառուցենք, որովհետև բավականին լուրջ միջոցներ են նախատեսվելու, իսկ քաղաքն այդ միջոցները չունի», - ասաց Օհանյանը:
Նախնական գնահատմամբ՝ ծրագրի արժողությունը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար է: «Դա խիստ նախանական գումար է: 20 մլն-ը կարող է 1 կմ-ի արժեքը լինել: Այս ֆրանսիական ընկերության հետ աշխատում ենք այդ թեմաները՝ երկարություն, արժեք, հստակեցնելու», -ներկայացրեց Օհանյանը՝ նկատելով, որ նոր ճոպանուղին բացի տրանսպորտային խնդիր լուծելուց, զբոսաշրջիկների համար կարող է հաճելի պահեր պարգևել:
Պաշտոնյան իրատեսական է համարում ծրագիրը: Ավելին, վստահ է, որ ներդրողներ կգտնվեն:
Նշենք, որ ծրագրում ընդգրկված չի 50 տարի առաջ բացված Հերացի-Նորք-Մարաշ երթուղով հին ճոպանուղին վերականգնելու տարբերակ:
«Այդ ճոպանուղու խնդիրը բավական հնացած է, որովհետև դա լուծում էր միայն Չարենցի փողոց-Նորք Մարաշի Արմենակյան փողոցները կապելը: Բացի այդ, այդ երթուղու տակ տները բարձրացել են և բարձրության նորմատիվային չափը խախտվել է: Անիմաստ է այն վերականգնելը», - նկատեց «Երևաննախագիծ» ընկերության տնօրենը: