16/06/2017 12:42
Ֆիրդուսու հատվածում կառուցվելու է երեք ճառագայթող փողոցով Հարավային պողոտա. Նարեկ Սարգսյան
Երևանի Ֆիրդուսու հատվածում շինարարական տեսանելի աշխատանքները կլինեն արդեն աշնանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Ֆիրդուսու հատվածը կազմում է մոտ 5 հա։ Այստեղ արդեն իրացված է տարածքի 72 տոկոսն ու շարունակվում են աշխատանքները։ Այս հատվածում նախատեսվում է կառուցել ճառագայթող երեք փողոց, որոնք միավորվելու են ու ձևավորելու շրջանաձև հրապարակ։ Երևանի հին նախագծերում սա կոչվում էր Հարավային պողոտա», - ասաց Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կառուցապատման այս ծրագրի արժեքը կազմելու է մոտ 300 մլն դոլար։
Ինչ վերաբերում է Ֆիրդուսու առևտրային հատվածին, Նարեկ Սարգսյանի խոսքով, հարցի կարգավորումը չի վերաբերում քաղաքաշինությանը։
«Ես չեմ ազդում նրա վրա, որ մարդկանց հանենք այնտեղից ու սկսենք շինարարություն։ Ֆիրդուսու ծրագիրը մեկնարկել է մոտ 3 տարի առաջ և իրենց ոչինչ չեն արել, տրվել է ժամանակ։ Վստահ եմ՝ Ֆիրդուսու առևտրային հատվածում հարցը կլուծվի առանց ցնցումների», - ասաց Ն. Սարգսյանը։