20/06/2017 13:41
Վերահաստատում եմ` Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին. Սվիտալսկի
ԵՄ-Հայաստան համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հաստատում եմ, որ նախապատրաստական քայլերը` միտված ընդլայնված և խորացված համաձայնագրի նախաստորագրմանն, ընթացքի մեջ են և կբացահայտեմ ձեզ համար, որ Եվրամիությունն ավարտել է այն վարժանքը, որը կոչվում է տեխնիկական և իրավական շտկումներ: Սա այն գործընթացն է, որի ընթացքում իրավական և այլ ծառայությունները հաստատում են բոլոր դրույթներն ու եզրույթները, որոնք օգտագործված են համաձայնագրում:Նման գործընթաց է տեղի ունենում հայկական կողմում, հետևաբար, կարծում եմ, որ կարող ենք լավատես լինել և այն հույսը, որ արտահայտել է Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիրը Արևելյան գործընկերության ժողովի ընթացքում նոյեմբերին ստորագրելու վերաբերյա, կիրականացվի», - ասաց Պ. Սվիտալսկին:
Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում երկրորդ կարևոր տարրը գործընկերության առաջնահերթություններն են:
«Սա քաղաքական պարտավորեցնող փաստաթուղթ է, որում մենք ընդգծում ենք այն ուղիները, որոնցով կընթանա մեր համագործակցությունն առաջիկա տարիներին: Հայաստանն առաջին երկիրն էր, որ սկսեց բանակցություններն այս նոր տիպի փաստաթղթի վրա և ես շատ գոհ եմ, որ բանակցությունները տեխնիկական մասով ավարտված են: Մենք կարող ենք ակնկալել առաջիկա օրերին, որ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհուրդը գրավոր ընթացակարգով կընդունի գործընկերության առաջնահերթությունները: Չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց փաստաթուղթը հիմնված է Ռիգայի չորս առաջնահերթությունների վրա», - ասաց ԵՄ դեսպանը: