10/07/2017 09:29
Գյուղացիները փակել են Երևան-Վարդենիս-Արցախ ճանապարհը. պահանջում են մատակարարել ոռոգման ջուր
Այսօր առավոտից Աստղաձոր գյուղի բնակիչները փակել են Երևան-Վարդենիս-Արցախ ճանապարհը և պահանաջում են ոռոգման ջուր մատակարարել, այս մասին հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։
Գյուղացիները հայտարարում են, որ մատակարարված ջրի ծավալները չեն բավականացնում և 25.000 բնակչություն ունեցող ամբողջ գյուղը մնացել է առանց ոռոգման ջրի, չեն հասցնում ջրել հողատարածքները, ուստի բերքը փչանում է։
Բնակիչների հետ բանակցելու համար ներկա է Մարտունու տարածաշրջանի ոստիկանապետը, ով փորձում է համոզել բացել ճանապարհը։ Գյուղացիները, սակայն, անդրդվելի են։
Ճանապարհի փակելու հետևանքով գոյացած մեքենաների վարորդները ևս բողոքում են. ազատ երթևեկել չեն կարողանում։ Վարորդներից մեկն Aysor.am-ի թղթակցին փոխանցեց, որ իր մեքենայում հիվանդ երեխա կա, ում պետք է շտապ հասցնի հիվանդանոց, բայց ճանապարհն այդպես էլ չի բացվում։
Ոստիկանապետը կապ է պահպանում մարզպետարանի հետ՝ փորձելով հարթել իրավիճակը։