17/07/2017 14:42
Ռուսաստանին կարող ենք մեղադրել այն ժամանակ, երբ Ադրբեջանին մատակարարված զենքն ուղիղ վնաս է հասցնում մեզ. Շարմազանով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատրի ամբողջական հարցազրույց էր, որտեղ կային հստակ ուղերձներ թե ներքին, թե արտաքին լսարանի համար, Սերժ Սարգսյանի՝ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցն այսպես է գնահատում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահը զինվորական համազգեստով էր, խնդիրներն ավելի շատ առնչվում էին անվտանգության հարցերին , «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը, արցախյան հիմնահարցի լուծմանը, հայկական կողմի դիրքորոշումներին, խոսվում էր ապագա հանդիպումների մասին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, այսինքն՝ գլոբալ առումով անվտանգության համակարգի հետ կապված սա լուրջ քաղաքական հայտարարություն էր, որտեղ կային ուղիղ ազդակներ ու հանրամատչելի ձևով պարոն նախագահը ներկայացրեց բոլոր կետերը», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահի համար Սերժ Սարգսյանի հարցազրույցի համար մեկ կետն այն էր, որ անվտանգության հարցերը Հայաստանի համար ամենակարևորագույնն են։
«Երկրորդը՝ անկախ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական փոփոխություններից ու զարգացումներից, մենք պետք է զարգացնենք ու ուժեղացնենք մեր անվտանգությունը, պետք է ուժեղացնենք մեր պետությունը և Հայաստանի ու Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր զինված ուժերն են», - նշեց Է. Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Ալիևի ու Ադրբեջանի նպատակաները՝ փորձել ապրիլյան պատերազմով ճնշում բանեցնել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստնը մեղմացնի իր դիրքորոշումը, ձախողվել են։
«Մենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կողմնակից ենք, մենք մերժում ենք պատերազմական ճանապարհով խնդրի լուծմանը և դա տեսնում ենք տրամաբանական փոխզիջումների արդյունքում, բայց, առանց Արցախի մասնակցության, հնարավոր չէ խնդրի լուծում։ Նախագահը հստակ նշեց, որ բոլոր փաստաթղթերում, որտեղ ինքը բանակցել է, հստակ նշված է, որ Արցախը պետք է միանա պայմանագրին, առանց Արցախի որևէ մեկն ի զօրու չէ լուծել այդ խնդիրը», - նշեց նա։
ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում շատ հստակ նշեց բանակցային դիրքորոշումներում երկու կողմերի տարբերությունները։
«Հայկական կողմն իր դիրքորոշումները միշտ ներկայացնում է, որը տրամաբանական է, համապատասխանում է Մադրիդյան փաստաթղթին, Ադրբեջանը, գործնականում, հրաժարվում է այդ փաստաթղից ու այն, որ այս հարցում չկա առաջընթաց, դրա համար մեկ պատասխանատուն Ադրբեջանն է», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի համար նախագահի հարցազրույցում շատ կարևոր մեսիջ էր այն հայտարարությւունը, երբ ասաց՝ «եթե 20 տարի էլ ԼՂ խնդիրը լուծում չստանա, հայկական կողմի մոտ ցանկություն չի լինի զիջումների ճանապարհով գնալ խնդրի կարգավորմանը»։
«Սա շատ կարևոր ազդակ է, որը նախագահը տվեց, այսինքն՝ եթե Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է, որ բլոկադա կլինի ու այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները կգնան զիջումների, պարոն նախագահը շատ ուղիղ մեսիջ տվեց, որ եթե 20 տարի էլ լինի այս վիճակը, ՀՀ իշխանությունները, ՀՀ ժողովուրդը չի գնա միակողմանի զիջումների», - ասաց նա։
Հարցին՝ ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն այն է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, մեսի՞ջ էր՝ ուղղված Ռուսաստանին, Է. Շարմազանովը պատասխանեց. «Պարոն նախագահը մեկ անգամ չէ, որ իր դիրքորոշումը հայտնել է, որ Հայաստանը դրական չի ընդունում, այլ ցավագին է ընդունում իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, բայց նա, միևնույն ժամանակ, նշեց, կարող ենք մեղադրել այն ժամանակ, երբ ռուսական զենքը, որը մատակարարվել է Ադրբեջանին, ուղիղ վնաս է հասցնում մեզ, պարոն նախագահը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան, հայ-ռուսական հարաբերությունները բարեկակամական են, բայց հայ-ռուսական հարաբերություննեորւմ կա մի ցավոտ կետ. Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կարելի է զենք վաճառել, բայց, մյուս կողմից էլ, մենք գիտակցում ենք, որ խոշոր խաղացողները, մեծ գերտերությունները, այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է, տարածաշրջանում ունեն իրենց հարաբերությունները, շահերը և, բնականաբար, սա, միգուցե, լրացուցիչ ազդեցության կամ զսպման մեխանիզմն է Ադրեբջանի վրա»։
Մեկնաբանելով ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե «եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից», ԱԺ փոխնախագահն ընդգծեց, թե այդ հայտարարությունն օբյեկտիվ համեմատության մասին էր։
«Ադրբեջանն այսօր աշխարհի՝ նավթ արդյունահանող առաջատար երկրներից է, պարոն նախագահը շատ հստակ, ուղիղ ասում է, որ ինքը պոպուլիզմն ու դեմագոգիան մերժում է և դա համարում է շառլատանություն, այո, չի կարելի ժողովրդին սուտ խոստումներով սնել, նախագահը շատ հստակ ասում է՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նյութական ռեսուսրները մի քանի անգամ ավելի շատ են, քան՝ մերը և, բնականաբար, մենք դրանով չպետք է մրցենք Ադրբեջանի հետ: Եթե մեկը կհայտնի, որ մեկ, երկու, հինգ, միգուցե, տասը տարում Հայաստանն ավելի հարուստ կլինի, քան՝ Ադրբեջանը, նա ուղղակի խաղում է ժողովրդի զգացմունքների հետ։ Որևէ մեկի համար գաղտնի՞ք է, որ Ադրբեջանը նավթի ու գազի արտահանումով ամենաառաջատար երկրների թվում է, օբյեկտիվորեն ինքն ավելի հարուստ է, քան՝ Հայաստանը, խոսքը չի գնում նրա մասին, որ մենք չպիտի զարգանանք, խոսքը նրա մասին է, որ չի կարելի ժողովրդին սուտ խոստումնեռրով սնել, իսկ եթե կլինի մեկը, որը կարող է ասել՝ ինձ ընտրեք, ես պատրաստ եմ հինգ տարի հետ Հայաստանն ավելի հարուստ դարձնել, քան Արդբեջանն է, դա ոչ այլ ինչ է, քան՝ քաղաքական ավանտյուրա», -հավելեց Էդուարդ Շարմազանովը: