20/07/2017 19:09
Ամենակարևորն այն է, որ կիսում է կյանքի հանդեպ իմ հայացքները. դերասան Գևորգ Գրիգորյանն ամուսնացել է
Դերասան Գևորգ Գրիգորյանն, ով այս ընթացքում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, երեկվանից համալրել է ամուսնացած հայ աստղերի շարքը:
Դերասանի ընտրյալը լուսանկարիչ Յուլիա Կուրոչկինան է, ում հետ ծանոթացել են երկու ամիս առաջ՝ Երևանում: Նա ռուսի, ուկրաինացու և գնչուի խառնուրդ է: Հայաստան էր եկել հանգստանալու և տեսարժան վայրերը նկարելու:
Գևորգի և Յուլիայի սերն առաջին հայացքից է ծագել: Հանդիպել են 3 օր, որից հետո լուսանկարչուհին մեկնել է Մոսկվա: Հայ դերասանն էլ հենց նույն օրը տոմս է գնել ու գնացել նրա ետևից:
«Երեք օր անց՝ ծննդյանս օրը, նրան ամուսնության առաջարկություն արեցի: Անգիտակից ժպիտով, կիսաձայն՝ դրական պատասխան տվեց: Հաջորդ օրն էլ աշխատանքից դուրս եկավ ու միասին Հայաստան եկանք», - Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց երջանիկ փեսացուն:
Գևորգ Գրիգորյանը միջազգային «Motor Club» կազմակերպության անդամ է, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Նրանց տարիքային տարբերությունը 5 տարի է: Զույգի ո՛չ նշանադրությունը, ո՛չ ամուսնությունն ավանդական ծեսերով չեն անցել: Այժմ նրանք բնակվում են հայ փեսացուի մեծ ու գեղեցիկ ընտանիքում:
«Նա ինձանից 5 տարի է փոքր, բայց դա բացարձակ չի խանգարում մեր հարաբերություններին: Շատ ինքնուրույն, ինքնահաստատված, խելացի ու խորը մարդ է: Անսահման նվիրված է, հոգատար և բարի: Բայց ամենակարևորն այն է, որ կիսում է կյանքի հանդեպ իմ հայացքները: Բացարձակ կախվածություն չունի այն աղբից, որով համատարած հիվանդ են այսօր… Ինչ վերաբերում է մեր կեցությանը, ապա ապրում ենք իմ մոտոակումբի բազայի կողքին դրված վրանում, ապրում ենք մեծ ընտանիքով՝ ակումբի անդամ եղբայրների հետ, լիովին ազատ ու երջանիկ», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Սերիալի նկարահանումներն ավարտելուց հետո ամուսինները պատրաստվում են բնակություն հաստատել ծովափնյա որևէ քաղաքում:
«Այժմ չմեկնելու 3 պատճառ ունենք: Նախ, վթարից հետո ոտքս լիովին չի ապաքինվել, սպասում եմ ապաքինմանը: Ապա նաև՝ սերիալի ավարտին: Հուսով եմ՝ մինչև գարուն ամեն ինչ կնպաստի մեր մեկնելուն, այդ ժամանակ նաև ճանապարհները բաց կլինեն մոտոցիկլով գնալու համար: Օվկիանոսի մոտ, գեղեցիկ մի վայրում հարսանեկան գեղեցիկ արարողություն կկազմակերպենք, որի մասնակիցները միայն երկուսով կլինենք: Ծովափնյա քաղաքում էլ կհաստատվենք ու կապրենք», - զրույցը եզրափակեց դերասանը:
Aysor.am-ը երջանկություն ու երկարակեցություն է մաղթում նորակազմ ընտանիքին: