20/07/2017 11:34
Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց ռազմական նշանակության արտադրանքի օգտագործման նկատմամբ հսկողության մասին ՌԴ հետ համաձայնագիրը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Նախագծում, որը կառավարությանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նշվում է, որ պայմանագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարող կողմն իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել:
«Այն կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ պետք է տրամադրի մատակարարող կողմին՝ վերջինիս կողմից հսկողության իրականացման համար: Հսկողության առարկա է հանդիսանում պայմանագրի շրջանակներում մատակարարված ռազմական նշանակության արտադրանքը: Այն կողմի լիազորված մարմինը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, իրավունք չունի հրաժարվելու հսկողության խմբին ընդունելուց», -ասված է նախագծում։
Նաև նշվում է, որ կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, պարտավոր է ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաև դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։
Ըստ նախագծի՝ մատակարարող կողմի լիազորված մարմնի ներկայացուցիչը և (կամ) լիազորված կազմակերպության ներկայացուցիչը իրավունք ունեն (ունի) ներկա գտնվելու սույն Պայմանագրի շրջանակներում կնքված կոնտրակտներով մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի դուրս գրման, ոչնչացման (օգտահանության) ժամանակ:
Նշվում է նաև, որ մատակարարող կողմի լիազորված մարմինը հսկողության իրականացման նպատակով նախապես դիվանագիտական ուղիներով հսկողություն իրականացնելու մասին հայտ է ներկայացնելու այն կողմի լիազորված մարմնին, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը: Հայտում նշվելու են այն ռազմական նշանակության արտադրանքը, որի նկատմամբ մատակարարող կողմը մտադիր է հսկողություն իրականացնել, դրա իրականացման ժամկետները, ինչպես նաև այն տեխնիկական միջոցները, որոնք կօգտագործվեն հսկողության ընթացքում:
«Հսկողության նպատակով ձևավորվում է հսկողության խումբ: Այն կողմի լիազորված մարմինը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, հսկողություն իրականացնելու մասին հայտը ստանալուց հետո հսկողության իրականացման վայրը, ժամկետները և ընթացակարգերը համաձայնեցնում է այդ կողմի լիազորված կազմակերպության հետ», - ասված է կառավարությանը ներկայացվող որոշման մեջ։