17/08/2017 16:58
Ռուբեն Հայրապետյանի անվան հետ առնչվող ծեծի գործով երիտասարդը ճանաչվել է տուժող, հարուցվել է քրեական գործ
Հայաստանի քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Երևանի 24-ամյա բնակչին առևանգելու և ծեծի ենթարկելու հանգամանքները, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ, 1993թ. ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։
Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել, ապա՝ որոշ ժամանակ անց, բաց թողել։
Ըստ աղբյուրի, նկատի ունենալով, որ երիտասարդի հաղորդման մեջ առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելը» և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառելը»:
Կազմվել է քննչական խումբ: Երիտասարդը ճանաչվել է տուժող։
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նկատենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ: Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրել էր, որ երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։