30/08/2017 19:23
Կոնֆլիկտ չկա. «Շանթ» հեռուստաընկերությունից պարզաբանում են, թե ինչո՞ւ Արտյոմ Կարապետյանը չի նկարահանվում «Անուղղելիներում»
Սեպտեմբերի 11-ից «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի բաժանորդները կրկին առիթ կունենան շաբաթական մի քանի օր իրենց տանը հյուրընկալել սիրված հին հյուրերին՝ վերվարած «Անուղղելիներ»-ին: Հայկական առաջին սերիալի հետևորդներն այս վերադարձը խանդավառությամբ ընդունեցին, սակայն նույն ոգևորությամբ մեկնաբանությունների միջոցով իրենց դժգոհությունն արտահայտեցին առանցքային կերպարներից մեկի՝ Կնյազին մարմնավորող Արտյոմ Կարապետյանի բացակայության մասին:
Թեև Aysor.am-ի հետ զրույցում սցենարիստ Հարություն Ղուկասյանը նշել էր, որ գյումրեցուն հատուկ համ ու հոտով դերասանի չներգրավվածության պատճառը միայն Հայաստանից բացակայությունն է, ու հնարավոր է՝ առաջիկայում միանա «Անուղղելիներին», սակայն հանրությունը շարունակեց առավել ինտրիգային պատճառներ փնտրել Արտյոմ Կարապետյանի բացակայության համար:
Երեկվանից համացանցում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե դերասանի և «Շանթ» հեռուստաընկերության միջև տարրաձայնություններ կան, ինչով էլ պայմանավորվված է Արտյոմ Կարապետյանի բացակայությունը նախագծում:
Թեմայի շուրջ պաշտոնական տեղեկություն ստանալու համար Aysor.am-ը կապ հաստատեց «Շանթ» հեռուստաընկերության հետ, որտեղից չհերքեցին, որ դերասանի բացակայությունն, իսկապես, անհանգստացնում է սերիալի հետևորդներին: Այդ թեմայով հեռուստաընկերությունն անգամ բազմաթիվ նամակ-խնդրանքներ ու նամակ-բողոքներ է ստացել:
«Իսկապես խնդիր է այն, որ Արտյոմ Կարապետյանը, լինելով «Վերվարածների» գլխավոր հերոսներից, այսօր «Անուղղելիներում» հանդես չի գալիս: Մեզ գրում են, զանգում, հիմնականում՝ զայրույթի տեսքով, պահանջում են Արտյոմի վերադարձն, ասում, որ նախագիծն առանց նրա անիմաստ է և այլն… Իհարկե, մենք կիսում ենք Արտյոմ Կարապետյանի կարևորության մասին դիտարկումները, և այն, որ նա հրաշալի դերասան է ու լավ է մարմնավորել իր կերպարը: Բայց կոնֆլիկտի պատճառով չէ, որ նա ներգրավված չէ նոր նախագծում: Այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, դերասանի և «Շանթ» հեռուստաընկերության միջև փոխադարձ հարգանք կա: Միակ պատճառն այն է, որ դերասանը ժամանակավորապես բացակայում է Հայաստանից: Գոնե սկզբնական շրջանում տեխնիկապես, ֆիզիկապես հնարավոր չէր ներգրավել նրան սերիալում»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեցին «Շանթ» հեռուստաընկերության հասարակայնության հետ հանրային կապերի բաժնից:
Սակայն չբացառեցին, որ ընթացքում Ա. Կարապետյանը կմիանա «Անուղղելիներին»: Դա կլինի կամ նրա՝ Հայաստան վերադարձի արդյունքում, կամ՝ ժամանակակից տեխնոլոգիաների՝ սկայպի, վայբերի օգնությամբ:
«Չի բացառվում, որ սցենարիստը սյուժեում նման լուծում առաջարկի, ու արտագնա աշխատանքի մեջ գտնվող Կնյազն «ընտանիքի» հետ կապվի մերօրյա տեխնիկայի միջոցով: Շուտով ամեն ինչ պարզ կլինի»: