12/09/2017 15:41
Ռուսաստանը Հայաստանին 1 մլն դոլար կտրամադրի հրդեհների կառավարման ներուժի զարգացման համար
Ռուսաստանի ֆինանսավորմամբ Հայաստանում կմեկնարկի «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագիրը:
Եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Համապատասխան փաստաթուղթն այսօր ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:
«ՌԴ-ն հետևողականորեն մեծացնում է իր ջանքերը կայուն զարգացման ձեռքբերման նպատակով արտասահմանյան գործընկերներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` առաջնորդվելով այն նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով, որոնք նախանշված են ՌԴ պետական քաղաքականության կոնցեպտում և նպատակ ունենալով նպաստել միջազգային զարգացմանը: Առաջնային ուղղությունների թվում են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության երկրները, որոնք ավանդաբար ունեն սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր մեր երկրի հետ: ՌԴ ֆինանսական միջոցներով Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Աջակցություն են ստանում, ոչ միայն առանձին սոցիալական խմբերը, այլ նաև տնտեսության առանձին ճյուղեր: Անտառային տնտեսության ֆեդերալ բյուրոն և ՌԴ ԱԻՆ ծառայությունները կունենան անմիջական մասնակցություն այս ծրագրի իրագործմանը», - միջոցառման ժամանակ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Իսկ Բրեդլի Բուզետտոն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գերասիմ Վարդանյանին է հանձնել ռադիոկապի միջոցներ, որոնք արտակարգ իրավիճակներում առաջնային անհրաժեշտություն էին: