28/09/2017 22:19
Անկարան անելիք չունի Արցախյան գործընթացում, իսկ Ղարաբաղում օկուպացված տարածքներ չկան. ՀՀԿ-ի պատասխանը Թուրքիային
Թուրքիայի պաշտպանության նախարար ևս մեկ անգամ ապացուցեց, որ Անկարան անելիք չունի Արցախյան գործընթացում, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին:
«Թուրքիան հստակ ադրբեջանամետ ուղղվածություն ու կարծիք ունի։ Թուրքիան թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը ապրիլյան պատերազմի ժամանակ», - ասաց Է. Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Թուրքիայի պաշտպանության նախարարն իր հայտարարությամբ ապացուցեց, որ Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետություն:
Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին՝ Շարմազանովն ասաց՝ նման տարածքներից Թուրքիան չպետք է խոսի:
«Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ։ Ադրբեջանն է օկուպացրել Ղարաբաղի տարածքները՝ Գետաշենը, Շահումյանը, Մարտունաշենը։ Բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով հենց Թուրքիան օկուպացրեց Եվրամիության անդամ երկրի՝ Կիպրոսի 38 տոկոսն ու առ այսօր օկուպացված է պահում տարածքը», - նշեց ԱԺ փոխնախագահը:
Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությանն այսօր անդրադարձել էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։