11/10/2017 12:41
«Պանիկա» է ստեղծվել, թե, վայ, միսը թանկացավ, ի՞նչ ենք անելու. ոչ մի բան էլ չենք անելու. Իգնատի Առաքելյան
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեմ է, որ մսի գնի բարձրացումը հասարակության շրջանում ստեղծել է «պանիկա»։
«Մի «պանիկա» է ստեղծվել, թե՝ վայ, միսը թանկացավ, ինչ ենք անելու։ Ոչ մի բան էլ չենք անելու, ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում։ Շուկա է, շուկան է կարգավորում ամեն ինչ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իգնատի Առաքելյանը։
Նախարան ասաց, թե թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը:
«Ի վերջո, կբերի շուկան կկարգավորի, կդնի իր տեղը։ Մեկ ամսվա համար հայտարարել, թե գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի անում կամ չի տիրապետում ինֆորմացիայի, այդպես չի։ Դա սուտ է։ Մենք ամեն ինչին տիրապետում ենք, ամեն ինչ վերլուծում ենք, ուղղակի ամեն ինչին չի, որ ուզում ենք արձագանքել», - ասաց նա:
Ի.Առաքելյանն ընդունեց, որ թանկացում կա, ասաց նաև, թե խոսել է գյուղացիների հետ և կարող է ասել, որ նրանք տավարի ու ոչխարի մսի գինը չեն թանկացրել, չնայած նրան, որ կա կերի գնի թանկացում։
«Չեն թանկացրել, որովհետև խնդիր ունեն իրացման հետ։ Խոզի մսի թանկացումն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ միջազգային շուկայում խոզի միսն է թանկացել։ Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է, դա էլ բերել է ոչխարի մսի թանկացման, տավարի մսի թանկացումը եղել է ընդամենը 150 դրամով, դա էլ թանկացում չի, շուկայի կարգավորում է», - հայտարարեց Իգնատի Առաքելյանը։
Գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, եթե խնդիրը հասնի նրան, որ կերի պակասություն լինի, ապա պատրաստ են այդ հարցը լուծել՝ ներմուծելով:
Նախարարն ասաց, թե նախորդ տարվա համեմատ ավելացել է թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների արտահանումը, սպառման ծավալները ևս ավելացել են։
«Ոչ մի արտառոց իրավիճակ չկա անասնապահության ոլորտում։ Այո՛, եղել է չորային, այո՛, կերը թանկացել է, հաջորդ տարի եթե բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չի խուճապի մատնվել։ Մենք հետևում ենք ամեն ինչին և ամեն ինչի համար պատասխանատու ենք», - եզրափակեց նախարարը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/05/2024 12:04