11/10/2017 12:40
Ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր բանակում պարտադրել են աղոթել. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր խորհրդարանում լսումներին հայտարարեց, որ չգիտի որևէ դեպք, որ բանակում պարտադրել են զինծառայողին աղոթել։
«Ես չգիտեմ որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Եթե ունեք նման դեպք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել», - հայտարարեց Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համապատասխան հարցին։
Իրավապաշտպանի հարցը, նկատենք, վերաբերում էր բանակում որոշակի խմբին՝ աթեիստներին կամ այն անձանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, բայց որոնց ստիպում են աղոթել։
Նախարարը նաև շարունակեց. «Ինչ վերաբերում է նրան, որ ես հրամանատարների հետ հաճախ լինում եմ Էջմիածնում, ապա ես շարունակելու եմ դա անել, որովհետև բացարձակ եմ համարում այն արժեքը, որը մեր Հայ առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում, առհասարակ»։