12/10/2017 11:15
«Свято место пусто не бывает». ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստանի հակառակորդներին զենք վաճառելու մասին
Կարծում եմ՝ եթե ՀԱՊԿ անդամ ինչ-որ պետություններ համագործակցում են ՀՀ հակառակորդների հետ, ապա այդ պետություններում կան ինստիտուտներ ու ղեկավարներ, ովքեր խորապես ու լրջորեն գնահատում են իրավիճակը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների համագործակցությունը Հայաստանի հակառակորդի հետ:
«Կռահում եմ՝ ինչի մասին եք Դուք ասում, բայց ես այնպես եմ հասկանում, որ գլխավոր խնդիրն է պահպանել որոշակի հավասարակշռություն, իսկ հնարավոր է հետագայում նաև կարգավորել այն հակամարտությունը, որը կա: Այնպես որ, կհրաժարվեի պատասխանել այդ հարցին: Արդեն ասել եմ, որ տարատեսակ կառույցների տարատեսակ գործողությունների շնորհիվ, ամեն դեպքում, կլինի խաղաղություն: Այլ տարբերակ հնարավոր չէ: Չնայած, որ ես ուսադիրներով եմ՝ լիովին վստահ եմ, որ այս հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, այլ կերպ հնարավոր չէ», - ասաց Անատոլի Սիդորովը:
Ինչ վերաբերում է ՀՀ հակառակորդին զենք մատակարարելուն, գեներալ-գնդապետը նշեց.
«Իսկ այն, որ զենք է մատակարարվում, դե հասկանում եք՝ կա ռուսական ասացվածք՝ «Свято место пусто не бывает», այնպես որ, եթե տրամադրված են զենք ունենալ, նրանք կունենան: Ինչ-որ տեղ միգուցե որոշակի դրական բան էլ կա դրանում (նկատի ունի մատակարարումները.- հեղ.)», - ասաց նա: