17/10/2017 11:40
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական քարոզչությանը հակահարված տալու առումով մենք հստակ ձեռքբերումներ ենք ունեցել. Կորյուն Նահապետյան
Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը կրկին փորձեր է արել հակահայկական հայտարարություններ անելու, ամփոփելով հոկտեմբերի 6-9-ը կայացած վեհաժողովի արդյունքները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Մեր պատվիրակության աշխատանքները գնահատում եմ արդյունավետ, որովհետև թե′ մեր դիրքորոշումների ներկայացման, թե′ ադրբեջանական քարոզչությանը հակահարված տալու առումով մենք հստակ ձեռքբերումներ ենք ունեցել», - նշեց նա։
Կորյուն Նահապետյանը հատկապես կարևորեց այն, որ Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ Ադրբեջանը փորձել է առաջ քաշել իր տարածքային ամբողջականության խնդիրը, որը վեհաժողովում մերժվել է։
«Զեկույցը և բանաձևի նախագիծը անդրադառնում էր միայն սևծովյան տարածաշրջան մուտք ու ելք ունեցող երկրներին, իսկ ադրբջանական պատվիրակություն փորձ արեց ընդլայնել շրջանակը և այնտեղ ընդգրկել սևծովյան տարածաշրջանն ամբողջապես, որը ենթադրում էր նաև Արդբեջանը։ Նրանց առաջարկն էր ընդլայնել սևծովյան շրջանականը և այնտեղ ներառել բոլոր հակամարտությունները և դրանց կարգավորաման հիմքում դնել բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մոտեցումը մերժվեց՝ պատճառաբանելով, որ զեկուցը և բանաձևը միայն նեղ շրջանակով են ընկալում սևծովյան շրջանակը», - ընդգծեց Կորյուն Նահապետյանը։
Վերջինս նշեց, որ վերահաժողովի արդյունքում հայկական կողմին անհնագստացնող որևէ ձևակերպում վերջնական փաստաթղթում չի ընդգրկվել։