Արցախի` Ադրբեջանի կազմում չլինելը Բաքվում վայնասուն է առաջացրել. Շավարշ Քոչարյան
26/10/2017 12:34

Արցախի` Ադրբեջանի կազմում չլինելը Բաքվում վայնասուն է առաջացրել. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանական կողմը հակառակ է գործում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Շավարշ Քոչարյանը:
 
«Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը և դա արդեն դարձել է օրինաչափություն», - ասաց նա:
 
ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով` Ադրբեջանին վրդովվեցրել է այն հայտարարությունը, ըստ որի՝ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: 
 
«Դրա շուրջ Ադրբեջանում սկսվել է վայնասուն, սակայն երբ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել է թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՛ Ադրբեջանը՝ Սովետական միության օրոք», - ասաց նա:
 
Շավարշ Քոչարյանը շեշտեց` Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան` Ադրբեջանում, ուստի իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում:
 
«Բանակցություններին խանգարողը Ադբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմը խուսափել է բանակցություներից, ճիշտ հակառակը: Սակայն երբ հակառակորդը պարտադրում է և ասում է՝ ամեն ինչ պետք է լինի ինչպես ես եմ ուզում, ապա, բնական է, տեղի տալ չի կարելի», - ասաց նա: 
 
Շավարշ Քոչարյանը նշեց` բանակցությունների հեռանկարի հետ կապված շատ հստակ խոսել են համանախագահները իրենց բազմաթիվ հայտարարարություններում, որ բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը՝ կողմերի միջև վստահությունն է: 
 
«Այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի միջազգային իր պարտավարությունը և հետաքննության մեխանիզմները: Դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Հայկական կողմը այն, ինչ լինում է սեղանի շուրջ փակ բանակցություններում, երբեք չի խախտել և չի էլ խախտի, խախտողը մենք գիտենք՝ ով է՝ միշտ Ադրբեջանն է: Այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո ինքը լրիվ ուրիշ բաներ է ասում, դա այնքան ակնհայտ է», - ասաց  Շ. Քոչարյանը:
 
Հարցին` համանախագահներին բարձրացրե՞լ են հարցը, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը, փոխնախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում բարձրացնել մի բան, որն անզեն աչքով երևում է, առավել ևս, համանախագահների համար»:
 
ՀՀ փոխարտգործնախարարն ասաց, որ բանակցությունների նյուանսներին ծանոթ չէ, սակայն ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա, ինչը երևում է:
Արցախի` Ադրբեջանի կազմում չլինելը Բաքվում վայնասուն է առաջացրել. Շավարշ Քոչարյան