30/10/2017 13:35
Մեր մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է. Արթուր Ջավադյան
12 ամսվա կտրվածքով գնաճը կազմում է 1.7 տոկոս, մինչև տարեվերջ այն կհասնի 2.5 տոկոսի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Նախորդ տարի մենք դեֆլյացիայով ենք ավարտել, բայց այս երկու-երեք տարվա ընթացքում մենք որևէ վտանգավոր չափի գնաճ չենք ունեցել։ 2 տոկոսը նորմալ գնաճ է», - նշեց նա։
Ջավադյանն ընդգծեց, որ հարևան երկերների համեմատ՝ գնաճի ցուցանիշը մեզանում նորմալ մակարդակի վրա է. «Ադրբեջանում 13 տոկոս գնաճ է»։
Դիտարկմանը, թե արդյոք գալիք տարի նախատեսվող 4 տոկոս գնաճը խնդիր չի առաջացնի՝ հաշվի առնելով, որ դրան զուգահեռ աշխատավարձերը չեն բարձրանում, ԿԲ նախագահն ընդգծեց, որ աշխատավարձերը բնականոն ձևով բարձրանում են։
«Մենք վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ այդ հարցին անդրադարձել ենք ու բավականին մակարդակի վրա աշխատավարձը բարձրացվել է։ Հիմա մեր մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է», - ասաց Ջավադյանը։
Վերջինս ընդգծեց, որ 2018-ին նախատեսվող 4 տոկոս գնաճը նորմալ է. «2 տոկոսը ես նույնիսկ համարում եմ, որ ցածր է, որովհետև մենք որոշակի խնդիրներ ենք ունենում տնտեսական աճի հետ։ Մենք անսպառ կարող ենք կրճատել տոկոսադրույքներն ու ունենալ դեֆլյացիա, բայց այդ ժամանակ չենք ունենա տնտեսական աճ, այդ ժամանակ կսկսեն փակվել աշխատատեղեր, ներդրումներ ՀՀ-ում չեն լինի»։