31/10/2017 13:33
2018-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22.6 մլրդ դրամ. Վահան Մարտիրոսյան
2018 թվականին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գծով պետական բյուջեի ծախսերը կկազմեն շուրջ 47.4 մլրդ դրամ` 25 ծրագրերի իրականացման համար, «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22.6 մլրդ դրամ, այդ թվում՝ 2.8 մլրդ Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհը: 2018 թվականին շինարարական աշխատանքները կշարունկավեն շուրջ 80 կմ ճանապարհահատվածներում, որից կբետոնապատվեն 40-ից 45 կմ-ն», - նշեց Մարտիրոսյանը։
Նախարարի խոսքով՝ ՀՀ պետական սահմանի՝ Բագրատաշենի անցման կետ կամրջի վերակառուցման ծրագրով նախատեսված է տրամադրել 1.13 մլրդ դրամ։
«Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 3.4 մլրդ դրամ: Շինարարությունները կազմակերպելու մրցույթներն ավարտվել են, պայմանագրերը կնքման փուլում են», - ընդգծեց նախարարը, ապա հավելեց, որ կիրականացվեն նախագծային աշխատանքների 100 տոկոսը, կամրջի շինարարության մոտ 20 տոկոսը և տեխնիկական վերահսկողության աշխատանքները: