31/10/2017 16:10
Կոնդում նախատեսվում է Հին Երևանի հատված ստեղծել. Նարեկ Սարգսյան
«Հին Երևանի» մասով երկու հիմնական ծրագիր կա, որոնցից մեկի ներդրումները գերազանցում են 150 մլն դոլարը, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Կարող եմ ասել, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ծրագիրը վերջնական սկսված է։ Տերյան փողոցի մասով, Բուզանդի և Արամի հարակից մասում սկսված է ստորգետնյա շինարարություն։ Այն մի քանի տեղում սկսված է և լայն թափ կստանա։ Մյուս տարի կտեսնենք, որ «Հին Երևանի» մասով լայնածավալ աշխատանքներ կսկսվեն», - ասաց Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ մասնավոր ներդրողն արդեն հայտնի է և նրա հետ կա կնքված պայմանագիր։
Վերջինս ընդգծեց, որ մյուս ծրագիրը նախատեսում է Հին Երևանի հատված ստեղծել Կոնդ թաղամասում։
«Ցանկալի է այնտեղ տուրիստական հատվածը պահպանել և լավ է, որ ներդրողները, որոնց հետ հիմա աշխատում ենք, գիտակցում են, որ ցանկալի է տուրիստական այդպիսի հատված պահպանել», - նշեց նա։
Նարեկ Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի ծրագիրը կյանքի կոչել։ Սարգսյանի խոսքով՝ հին Երևանի ևս մեկ հատված նախատեսվում է ստեղծել Պուշկինի փողոցի վրա՝ Դոլմամա ռեստորանի հարևանությամբ։
«Բոլոր այն հատվածները, որոնք հնարավոր է հին քաղաքի մաս դարձնել, մեր անմիջական ուշադրության կենտրոնում են», - ասաց նա։