06/11/2017 15:48
Թոշակառու բժիշկներին սպասվում է թոշակ. Առողջապահության նախարար (Տեսանյութ)
Երևանում և Հայաստանի մարզերի առողջապահական հիմնարկներում 600-700 թափուր աշխատատեղեր կան, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Բացի այդ, նրա խոսքով, կան բժիշկներ, որոնք ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրենց հիմնական աշխատատեղում:
Հետևաբար, նախարարի ներկայացմամբ, խնդիրը ոչ թե մասնագետների կրճատումն է, այլ նրանց վերադասավորումը:
Իսկ ի՞նչ է ենթադրում մասնագետների վերադասավորում: Ըստ նախարարի՝ ուժերը վերադասավորվում են այնպես, որ յուրաքանչյուր բժիշկ 70 տոկոս ծանրաբեռնվածություն ունենա:
«Եթե մի հիմնարկում պարզվում է, որ 60 բժշկի տեղը պետք է 48 բժիշկ աշխատի, ապա մնացած 12-ին առաջարկվում է վերապատրաստում: Ես ասացի, որ մենք ունենք թափուր աշխատատեղեր և մարզերում, և Երևանում: Եթե մասնագետին առաջարկվում է իր մասնագիտությամբ մեկ այլ աշխարհագրականվայր տեղափոխվել և նա չի ուզում փոխել իր բնակավայրը, իրեն կառաջարկվի մասնագիտությունը փոխել, այլ մասնագիտացում անցնել, որպեսզի այդ վայրում աշխատանք գտնի», - ներկայացրեց նախարարը:
Նրա խոսքով՝ օրինակ այդպիսի բժշիկներին, որպես նեղ մասնագիտացում, կարելի է առաջարկել ընտրել հուգեբույժի, պաթ-անատոմի, լաբորատորիաներում աշխատողների մասնագիտությունը, իսկ մարզերում կա անեսթեզեոլոգների, վիրաբույժների, գինեկոլոգների կարիք:
Ինչ վերաբերում է թոշակառու բժիշկներին, ապա նրանք, նախարարի խսքով, ամենևին էլ կրճատման տակ չեն ընկնում:
«Թոշակառու բժիշկներին սպասվում է թոշակ, նրանք գնալու են թոշակի, դա կրճատում չի համարվում», - ասաց նախարարը: