16/11/2017 12:49
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից որոշակի ակտիվություն կա. ՀՀ ԱԳՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցը վաղուց պլանավորված էին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ինչ վերաբերում է մշակութային օրերին, դա ծրագիր է, որը վաղուց նախապատրաստվում էր, նույնը վերաբերում է Լավրովի այցին, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ», - ասաց Շ. Քոչարյանը:
ՀՀ փոխարտգործնախարարն ասաց, թե ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:
«Ընդհանուր առմամբ, գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում և առ այսօր դեռ չի փոխվել», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ համանախագահների ակնկալիքն այն է, որպեսզի կարգավորման գործընթացում առաջընթաց լինի:
«Պետք է կողմերի միջև վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում», - ասաց նա:
Շ.Քոչարյանի խոսքով՝ արդեն քանի տարի է՝ ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, այլ նաև իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը:
Նա նշեց, որ համանախագահների համար անընդունելի է, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները:
Հարցին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ առաջարկություններ եղե՞լ է, նա ասաց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարը չի գործում առանձին, նա գործում է եռանախագահների ֆորմատի մեջ:
«Ինձ համար տարօրինակ է, որ անընդհատ փորձում են առանձնացնել, առավել ևս, որ Լավրովը մի քանի անգամ հրապարակային հերքել է», - ասաց նա:
Անդրադառնալով առաջիկա հնարավոր հանդիպումներին՝ Շ.Քոչարյանն ասաց, թե այն հանգամանքը, որ երկու երկրների արտգործնախարարների հետ առանձին-առանձին համանախագահները հանդիպում են, չի բացառվում, որ կարող է առաջարկ լինի կազմակերպել արտգործնախարարների հանդիպումը:
«Երբ դա կլինի, կհայտարարենք», - հավելեց Շ. Քոչարյանը: