23/11/2017 12:52
Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, եթե վերջինս զերծ մնա թշնամական գործողություններից. Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)
ԵԱՏՄ ոչ միայն անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորության մասին:
«Ադրբեջանի` ԵԱՏՄ կազմում լինելը, նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մոտենալ ԵԱՏՄ-ին, պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի», - ասաց Շ. Քոչարյանը:
Նա ընդգծեց` Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե այդ պետությունը պահպանի վերոնշյալ պայմանը:
«Եթե խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան` Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Այս պետության՝ ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», - ամփոփեց ՀՀ փոխարտգործնախարարը: