23/11/2017 12:38
Եթե կողմերից մեկի դիրքորոշումն է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, բանակցություններում կլինի՝ ոչինչ. Շավարշ Քոչարյան
Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ներկայիս փուլին:
«Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում», - ասաց Շ. Քոչարյանը:
Ըստ նրա` բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ է շարժվում «կա′մ ամեն ինչ, կա′մ ոչինչ» սկզբունքով:
«Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ պատերազմ, ապա բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի», - ասաց Շավարշ Քոչարյանը: