01/12/2017 14:26
Փոքր ու միջին ձեռնարկատերերի համար ԵՄ ապրանք արտահանելու գործընթացը 2018-ից կհեշտացվի. փոխնախարար
Եվրամիության հետ գործող GSP+ համակարգը և Առևտի համաշխարհային կազմակերպության շրջանակում ԵՄ հետ գործող MFN ռեժիմը թույլ են տալիս Հայաստանի համար ապահովել տեղում արտադրված գրեթե 90 տոկոս ապրանքների պարագայում զրոյական մաքսատուրքով մուտք դեպի ԵՄ շուկա, ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Միայն GSP+ շրջանակում 6400 ապրանքի մասով հնարավոր է դրանք զրոյական մաքսատուրքով արտահանել ԵՄ շուկա, ինչը էական գրավչություն է ու կարևոր գործիք ներդրողների համար», - նշեց նա:
Փոխնախարարը կարևորեց նաև բյուջետային աջակցության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ նշելով, որ դրա շրջանակում այս պահին 6 տարբեր համաձայնագրերով տարբեր ոլորտներում իրականացվում են ոլորտային բարեփոխումներ:
«ԵՄ աջակցությամբ ՀՀ-ն կարողանում է իրականացնել բարեփոխումներ տարբեր ոլորտներում: 2016-ին բյուջետային աջակցության մասով ամենաբարձր գումարային հատկացումն ենք ստացել, որը տրվել է երկրի բյուջեին 27,5 մլն եվրոյի սահմաններում: Այս տարի նախատեսվում է 15-17 մլն եվրոյի բյուջետային հատկացում ստանալ», - հավելեց նա:
Փոխնախարարը նաև կարևորեց, որ 2018-ի հունվարի 1-ից կիրառվելու է արտահանողների գրանցված համակարգ:
«Ապրանք արտահանելու և GSP+ ընձեռած հնարավորություններից օգտվելու համար մեր կազմակերպությունները ներկայումս պետք է ունենան ծագման սերտիֆիկատ, իսկ 2018-ի հունվարից ՀՀ-ում գործող կազմակերպությունները, ապրանք արտահանելիս ԵՄ, կարող են գրանցվել այս համակարգում և առանց ծագման սերտիֆիկատի ապրանք արտահանել ԵՄ՝ միաժամանակ օգտվելով համակարգի ընձեռած արտոնություններից: Որպեսզի անցումը սահուն լինի, մենք նախատեսել ենք, որ 2018-ին զուգահեռ գործելու է ապրանքների սերտիֆիկատներով արտահանման գործընթացը, բայց սա դրական նշանակություն կունենա այն փոքր ու միջին տնտեսվարողների համար, ովքեր ստիպված են լինում ամեն փոքր խմբաքանակի համար ունենալ սերտիֆիկատ: Առաջիկայում նախարարությունն ավելի մանրամասն կներկայացնի ընթացակարգը», - հավելեց Գ.Մելքոնյանը: