14/12/2017 12:34
Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ. Գալուստ Սահակյան (Տեսանյութ)
ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի մասին քննարկումներ չեն եղել, բայց բոլորն արդեն կողմնորոշված են, լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Կարծում եմ՝ այս պահին հիմնականում բոլորն արդեն կողմնորոշված են, ու չեմ կարծում, որ որևէ մեկին հարցնեք, նույն պատասխանը չի տալու», - նշեց նա։
Միևնույն ժամանակ, Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի մասին քննարկումներ չեն եղել, իր դիտակետում ևս չկա նման մարդ։
«Դեռևս ոչ մեկին չեմ տեսնում։ Արժանիներ շատ կան, և շատերը կարող են այդ գործը կատարել, բայց քանի որ քննարկումներ չեն եղել, և իմ տեսադաշտում այդ խնդիրը չի առաջացել, որ ես ինքս առաջարկեմ դրա համար, երբ առաջարկություններ կլինեն, կասեմ նաև իմ տեսակետը», - նշեց Սահակյանը։
Անդրադառնալով «Ելք»-ի այն հայտարարությանը, որ իրենք ևս կառաջարկեն վարչապետի թեկնածու՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ լավ կլինի, եթե ընդդիմադիրները ևս առաջարկեն թեկնածու։
«Բայց դե տեսնում եմ, որ նման ռիսկային քայլերի չեն գնում», - ընդգծեց նա՝ բացառելով, որ հնարավոր է վարչապետի` երրորդ անձ առաջադրվի։
Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը, թեև անվիճելի քաղաքական գործիչ չէ, բայց մասնակցել է երկրի ճակատագրին, ունի քաղաքական հենարան։
«Որ անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, ես չեմ կարծում, որ խնդիրն այդ կողմով է գնում։ Իմ ասած խնդիրը կապված է նրա հետ, որ այստեղ ոչ թե քննարկումներ պիտի լինեն կամ մարդիկ մտածեն՝ ով պիտի լինի, ես ասում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը, իսկ երբ ասում են՝ եթե չուզենա, ես ասում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ ուզենա», - ընդգծեց նա՝ հավելելով.
«Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»։