11/01/2018 14:08
Հնարավոր է՝ Երևան-Հրազդան երթուղին նորից աշխատի 400 դրամով. նախարար
Կառավարության այսօրվա նիստից հետո Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ Երևան-Հրազդան երթուղու սակագնի թանկացմանը։
Հիշեցնենք` մի քանի օր է երթուղու սակագինը 400 դրամից դարձել է 500 դրամ։
«Ես կարող եմ հայտարարել, որ այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, ուստի, իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ, այսօր բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց, հնարավոր է, ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը և շարունակի աշխատել 400 դրամով», - ասաց նա։
Հարցին` արդյոք կան նման ուրիշ ընկերություններ, որոնք մրցույթը շահել են ավելի ցածր սակագնով, այժմ էլ կարող են սակագնի բարձրացում իրականացնել, նախարարը պատասխանեց, թե կան մի քանի ընկերություններ, սակայն այդ ընկերությունների անվանացանկը չի կարող նշել:
«Բայց մենք միասնական տրանսպորտային համակարգ ենք ներկայացնում, և այդ համակարգով ընդհանուր պատկերը կփոխվի», -ընդգծեց նա:
Նախարարի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում տրանսպորտային միասնական ցանցը կներկայացվի։