29/01/2018 12:42
«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է ապահովել աշխատանքից չզրկվելու հնարավորությունը զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին
«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ առողջությունը կորցրած՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամների համար ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» արտոնություններ սահմանել:
Վաղը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով աջարկվում է սահմանել, որ կազմակերպության հաստիքների կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքը շարունակելու նախապատվությունը, ի թիվս այլ կատեգորիաների, գործատուի կողմից կտրվի ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին՝ ապահովելով աշխատանքից չզրկվելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկը առաջացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների դժգոհությունները: Խմբակցության առաջարկած օրենքի նախագծերին, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծին, խորհրդրանական մեծամասնությունը հավանություն չէր տվել քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար: