01/02/2018 10:23
Դավոսում պայմանավորվածություններ են ձեռք բերվել. վարչապետը հանձնարարեց քայլեր ձեռնարկել դրանց կատարման ուղղությամբ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության արդյունքներին:
Վարչապետն ընդգծեց, որ Դավոսում այդ համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
«Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ», -ասաց նա:
Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց յոթնօրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունն ու ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին:
Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման, մշակման ու ներկայացման նպատակով ու Կառավարության աշխատակազմ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել: