01/02/2018 22:25
Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է. Շարմազանով
Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար, ոչ այլ ինչ է, քան՝ Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բայց սա ձախողված փորձ է, որովհետև Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է, և դրա վառ ապացույցն Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրոքորոոշումն է Արցախյան հիմնահարցում», - ասաց նա:
Է. Շարմազանովը նշեց, որ Իրանի ու այլ երկրների հավասարակշռված մոտեցումը խոսում է մեկ կարևորագույն փաստի մասին, որ Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը՝ փորձել Արցախյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, դատապարտված են անհաջողության:
«Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է, պայքար է ազատության, անկախության, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ, Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը, ուզեն Ադրբեջանում, թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը», -ասաց ՀՀԿ խոսնակը: