08/02/2018 16:45
Երևանում գիշերային ժամերին հրավառությունները թանկ կնստեն. Սահմանվում է տուգանք 1 մլն-ից 2 մլն դրամի չափով
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի նախագծի փոփոխություններով կառավարությունն առաջարկում է խոշոր չափի տուգանք սահմանել սահմանված կարգի խախտմամբ հրավառություն իրականացնելու դեպքերում։
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ կանոնների, պահանջների խախտմամբ առաջին անգամ հրավառության իրականացումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 մլն դրամով։
Նույն արարքը առաջին տուգանքի նշանակման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում կրկնելը հանգեցնում է տուգանքի նշանակում՝ 2000-ապատիկի չափով, այսինքն՝ երկու մլն դրամով։
Երրորդ անգամ արդեն, ըստ փոխքաղաքապետի, խախտում թույլ տվողին կասեցնում կամ զրկում են այդ գործունեությունը իրականացնելու թույլտվությունից։
Նախատեսվում է նաև տուգանք գիշերային ժամերին լռության խախտման դեպքում. Տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։
«Եթե 23:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն նա խախտում է լռությունը հրագործական առարկաների օգտագործմամբ, ապա այդ դեպքում առաջին անգամ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ երկրորդ դեպքում՝ երկուհարյուրապատիկի չափով», - ներկայացրեց Կամո Արեյանը։
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց այս օրինագիծը, որը ընդունելուց հետո կընդունվեն կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն չափորոշիչները։
«Օրենքի փաթեթը բերվել է կարգավորելու հարաբերությունները։ Երբ Երևանի ավագանու կողմից կսահմանվեն վարչական տարածքներում հրավառությունների կազմակերպման վայրերը, չափերը, տեղանքները տևողությունը, այն ժամանակ նոր կարելի է խոսել պատժիչ մեխանիզմներից», - հայտարարեց Կամո Արեյանը։