12/02/2018 12:36
Ես գիտեմ՝ ում եմ ցանկանում և ես գիտեմ, թե ում պետք է առաջադրեմ. Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի թեկնածուի մասին
Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն տեսնում է Սերժ Սարգսյանին ու շատերն են այդ կարծիքը կիսում ու ինքն անձամբ պատրաստ է այդ պաշտոնում առաջարկել Սարգսյանի թեկնածությունը։
«Մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին։ Երբ քննարկումներ կազմակերպենք, ՀՀԿ յուրաքանչյուր անդամ պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին։ Երբ քննարկումները ավատարվեն, կկայացնենք որոշում ու այդ հարցին կանդրադառնանք։ Իրոք, կա նման ցանկություն, բավականին լրջանում է այդ հարցը, որովհետև մոտենում են օրերը», - նշեց Վ.Բաղդասարյանը։
Միևնույն ժամանակ նա խորհուրդ տվեց չշտապել ու հետևություն չանել՝ հիշեցնելով, որ ներկայումս իրենք պատրաստվում են ՀՀ նախագահի ընտրություններին ու օրակարգում այդ հարցն է, որից անմիջապես հետո կքննարկվի վարչապետի հարցը։
Դիտարկմանը, թե ինքն անձամբ ո՞ւմ թեկնածությունը կառաջարկի, Բաղդասարյանը նշեց.
«Խնդրում եմ այդպիսի պրովոկացիոն հարցեր ինձ մի տվեք։ Ես գիտեմ՝ ում եմ ցանկանում և ես գիտեմ, թե ում պետք է առաջադրեմ։ Կգա ժամանակը կիմանաք»։