14/02/2018 13:39
Ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ. Արմեն Սարգսյան
ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից։
«Իրավիճակի հետ ծանոթ չեմ, որովհետև երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում», - լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։
Նա նշեց, որ ցանկացած բռնություն իր համար անընդունելի է։
«Ես իմ էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության, քննարկման, տրամաբանության ուղղությամբ, ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ», - նշեց Արմեն Սարգսյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու նիստում Երևանի ավագանու «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները բանկաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը և նրանք փորձում էին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի բանկաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։