21/02/2018 22:01
Այս շաբաթ ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար
Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօրվա գործադիր մարմնի նիստը հագեցած է եղել քննարկման հարցերի սպեկտրով, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում թեկնածուներ են իրենք առաջադրելու:
Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու այդ ընտրություններում, իսկ մնացած ընդդիմադիրները կրկին թեկնածուներ չունեն:
«Սա խոսում է այն մասին, որ միգուցե դեռևս չեն կարևորում ՏԻՄ աշխատանքները կամ դեռևս չկան կայացած կառույցներ: Մենք պատրաստ ենք մրցակցության», - հավելեց նա:
Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ խորհրդարանին այս շաբաթ ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար:
Նա նշեց նաև, որ առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, քննարկվելու է այս հարցը ևս, առաջարկվելու են 5 թեկնածուներ, ովքեր ընտրվելու են փետրվարի 27-մարտի 2-ը: