15/03/2018 22:03
Հայաստանը վերադարձնելու տարածքներ չունի, տարածքներ պետք է վերադարձնի Թուրքիան, այդ թվում` Կիպրոսին. Շարմազանով
Չկա որևէ միջազգային կառույց կամ կազմակերպություն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը, թե «ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ընդունել է բանաձևեր, ըստ որոնց հայերը Խոջալուում կոտորած են իրականցրել»։
«Թուրքիայի վարչապետը խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրությունից և ասել է, որ Թուրքիան մշտապես լինլու է Ադրբեջանի կողքին: Նա արել է հայտարարություններ, որոնք ավելին քան սուտ, լկտի սուտ և անհեթհեթություն ես բնութագրել չեմ կարող: Այո՛, նա ասել է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, տարբեր միջազգային կառույցներ, հայկական կոտորածները դատապարտում են: Չկա աշխարհում մի միջազգային կառույց և կազմակերպություն, որը ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ», - ասաց Է. Շարմազանովը:
Նա ընդգծեց` հենց նման պահվածքն է վկայում այն մասին, որ Թուրքիան անելիք չունի Արցախի հիմանահարցի կարգավորման մեջ.
«Այսպիսով Թուրքիան սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի հայտարարությանը` հայերի կողմից տարածքների վերադարձի հարցին, ՀՀԿ խոսնակը նշեց` Հայաստանը տարածքներ չունի վերադարձնելու.
«Տարածքներն իրենք պետք է վերադարձնեն, մենք որևէ բան չունենք վերադարձնելու: Թուրքիան ունի բազմաթիվ տարածքներ վերադարձնելու, այդ թվում` նաև այսօր ԵՄ անդամ երկիր Կիպրոսին»: