03/04/2018 16:39
Վարչապետի ընտրությունն Ազգային ժողովում կանցկացվի բաց, անվանական քվեարկությամբ
Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի քվեարկությունը տեղի կունենա բաց, ինչպես նախատեսում է օրենքը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահի ընտրությունը կազմակերպվում փակ, գաղտնի, իսկ վարչապետի ընտրությունը՝ բաց, Կոստանյանը պատասխանեց. «Ամեն մի ընտրության կարգ ունի իր առանձնահատկությունները և կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ դրանք կիրառելի են։ Այդտեղ արտառոց բան ուղղակի չկա, դրա համար դրան անդրադառնալը ավելորդ է»։
Հարցին, թե մտահոգություն կար, որ փակ, գաղտնի քվեարկությամբ Սերժ Սարգսյանը չէ՞ր ընտրվի վարչապետ, Կոստանյանը պատասխանեց, որ ինքը նման մտահոգություն չունի ու հավելեց. «Բացարձակ նման մտահոգություն չունեմ»։
Նկատենք, որ վարչապետի ընտրությունը ԱԺ-ում կազմակերպվում է ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի հիման վրա, որի 140-րդ հոդվածը սահմանում է վարչապետի ընտրության կարգը։
Ըստ այդմ՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի՝
1) առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու, կամ
2) քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու:
2. Վարչապետի թեկնածուն առաջադրվում է խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիայի դեպքում՝ կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր խմբակցությունների որոշմամբ: Որոշման մեջ նշվում են վարչապետի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:
3. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ գրությունը եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:
4. Վարչապետի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:
5. Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: