16/04/2018 11:30
Ընդդիմության այս քայլերին իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության. Արմեն Ռուստամյան
Մայրաքաղաքում փողոցների փակ լինելը չի խանգարել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հասնել Ազգային ժողով։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուստամյանն ասաց, որ ինքը, չնայած երթևեկության կաթվածահար վիճակին, հեշտությամբ է հասել աշխատանքի։
«Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատել։ Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակում։ Եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում է», - ասաց Ռուստամյանը։
Վերջինս ընդգծեց, որ ընդդիմության այս քայլերին իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ Ռուստամյանը կոչ արեց ոստիկանությանը զուսպ գտնվել։
«Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, որոնք, ի վերջո, բացվել են։ Հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողություններ են, որոնք հանգեցնելու են համապատասխան արձագանքի իշխանության կողմից», - հավելեց նա՝ ընդգծելով, որ որևէ երկրում նման գործողությունները չեն կարող օրինական համարվել։
«Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է զուսպ մտնել ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել։ Ո՞ր մի երկրում է դա թույլատրված, ոչ մի կոնվենցիայով նման բան թույլատրված չէ», - ասաց նա։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն, Ռուստամյանը նրանց կոչ արեց «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով չշարժվել, քանի որ դա միշտ վատ հետևանքների է բերում: