24/04/2018 11:52
Սերժ Սարգսյանի կայացրած դժվար որոշումը մեծ լիդերի քայլ էր. ԱՄՆ դեսպան (Տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհ է Հայաստանում տեղի ուենցող իրադարձությունների հանգուցալուծումից։
«Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդության ներքո դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը, բողոքը հայտնեցին», - այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց Ռիչարդ Միլսը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը գնահատում է նաև կառավարության, ոստիկանության ու անվտանգության ուժերի աշխատանքը։
«Ես ուզում եմ նաև գովեստով արտահայտվեմ կառավարության, ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, ովքեր վերջին տասնմեկ օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն և արհեստավարժություն։ Եղել են արժանահավատ հաղորդումներ բռնության որոշ դրսևորումների մասին ցուցարարների դեմ, նաև՝ լրագրողների դեմ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն և մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով», - նշեց նա։
Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր։
«Ուզում եմ նաև գովեստով արտահայտվել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ով հանդես բերեց մեծ առաջնորդություն, ով, լսելով հայ ժողովրդի ձայնը, կայացրեց դժվարին որոշում, որը, վստահ եմ, հեշտ որոշում չէր», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերին կաշխատեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։
«Նպատակն այժմ այն է, որ ողջ հայ ժողովուրդը միատեղվի, միասին երկխոսություն ծավալեն ու ընդհանուր հայտարարի գան։ Դա պետք է իրականացվի երկխոսության, բանակցությունների միջոցով, որին պետք է ներգրավված լինեն հայաստանյան հասարակության բոլոր օղակները», - ընդգծեց Ռ.Միլսը։
Նա նշեց, թե կարևոր է, որ այժմ էլ Հայաստանում ժողովուրդը կարողանա գալ ընդհանուր հայտարարի խաղաղ պայմաններում։
«Որ այս դրական, խաղաղ միջավայրում կարողանան որոշել իրենց հետագա անելիքները։ Ես դրական եմ տրամադրված այն առումով, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի», - հավելեց ԱՄՆ դեսպանը։