05/05/2018 13:25
Շիրակի պետհամալսարանի ուսանողները ռեկտորի հրաժարականի բացակայության դեպքում բուհում նստացույց կիրականացնեն
Շիրակի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է: Քիչ առաջ ռեկտոր Սահակ Մինասյանը բուհի դիմաց փորձեց խոսել ցուցարարների հետ և պատասխանել նրանց մեղադրանքներին:
«Լինելով ՀՀԿ անդամ՝ հայտարարում եմ, որ բուհը քաղաքականացնելու առումով ոչ մի քայլ չեմ արել», - նշեց նա:
Մինչդեռ ցուցարարները չցանկացան լսել ռեկտորին՝ պահանջելով նրա հրաժարականը:
ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանը հայտարարեց, որ մինչև ժամը 14:00-ն իրենք կսպասեն ռեկտորի հրաժարականին:
«Դրանից հետո մեր հետագա գործողությունների մասին կհայտնենք», - նշեց նա:
Ուսանողներից մեկն էլ նշեց, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, ապա իրենք կմտնեն բուհ ու նստացույց կիրականացնեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ՇՊՀ դասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները ցույց են անում՝ պահանջելով ռեկտորի հրաժարականը: