07/05/2018 12:19
Կօժանդակենք բավարար ձայների քանակով, որպեսզի վաղը ՀՀ-ն ունենա վարչապետ. Վահրամ Բաղդասարյան
Վաղը ՀՀԿ-ն կապահովի ձայների բավարար քանակ, որպեսզի ՀՀ-ն վարչապետ ունենա, լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Մեն արել ենք հայտարարություն, մենք հավատարիմ ենք հայտարարությանը։ Նկատի ունենալով մեր ընդդիմադիր գործընկների քայլերը՝ մենք կօժանդակենք այն բավարար ձայների քնականով, որպեսզի ամսի 8-ին ՀՀ-ն ունենա վարչապետ», - նշեց նա։
Վ. Բաղդասարյանի խոսքով՝ իրենց ունեցած մտավախությունները չեն փոխվել. ՀՀԿ-ն շարունակում է մտահոգ մնալ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությամբ և անվտանգությամբ։
«Մնալով նույն դիրքորոշմանը՝ մենք այս իրավիճակը կարգավորելու համար քաղաքական որոշում ենք կայացրել, որպեսզի չխոչընդոտենք և օժանդակենք՝ ընտրվի վարչապետ։ Մենք խոսել ենք Փաշինյանի հետ, նա վստահ է, որ իր աշխատանքով կարող է այդ մտահոգությունները փարատել», - նկատեց նա։
Դիտարկմանը, թե արդյոք չի բացառվում, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկի Փաշինյանի ներկայացրած ծրագրին, ՀՀԿ-ն ասաց, որ դեռևս ծրագիր չկա, երբ Փաշինյանն այն բերի, այդ ժամանակ էլ կքննարկեն։
«Մնացածի մասին քննարկում չենք ծավալել։ Այս իրավիճակում քաղաքական իրադրաթյունները ամեն րոպե փոփոխության ենք ենթարկվում», - նշեց նա։
Դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նաև Փաշինյանի ծրագրին, Բաղդասարյանն ասաց.
«Կարծեմ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ես եմ, Էդմոն Մարուքյանը չէ։ Դեռ չկա նման որոշում»։