07/05/2018 12:40
Հանրապետական կուսակցությունը պատրաստ է աշխատել որպես ընդդիմություն. Վահրամ Բաղդասարյան
Որևէ մեկը երաշխավորված չէ, երբ կլինի իշխանություն, երբ ընդդիմություն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Քաղաքականության մեջ մտնողը, եթե որոշել է, որ իր կյանքի ամբողջ ընթացքում պետք է լինի իշխանություն, ուրեմն նա չի մտել քաղաքականության մեջ, նա պարզապես մտել է իր հետաքրքրությունների համար։ Բնակաբար, պարտրաստ ենք և որևէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի իշխանություն, երբ ընդդիմություն։ Եթե մենք մեր քաղաքական դիրքորոշումները պահպանելով գնում ենք այդ ճանապարհով, մենք պատրաստ ենք լինել ընդդիմություն, բայց որևէ մեկ անգամ մենք չենք խանգարելու մեր երկրի հեռանկարային շահերին, անվտանգության խնդիրներին։ Ի տարբերություն մեր նախորդ ընդդիմադիրների՝ մենք պատրաստ ենք դրականը տեսնելու և քննադատել բացասականը», - նկատեց նա։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նրան են ենթարկվելու ուժային կառույցները, հետևաբար չկա՞ մտավախություն, որ ՀՀԿ խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ դուրս կգան և ՀՀԿ-ն կդանա փոքրամասնություն, Բաղդասարյանն ասաց.
«Ընկնում եք երազանքների ու ենթադրությունների գիրկը. ուժային կառույցը որևէ մեկի սեփականությունը չի, առավել ևս սիրո, համերաշխության կոչ անողներինը: Դրանք ժողովրդինն են: Այդ մտավախությունը դուք ունեիք, որ մինչ մայիսի մեկը առնետավազք պետք է սկզվի, ՀՀԿ-ն պետք է քայքայվի, բայց դուք եղաք դրա ականատեսը ամսի մեկին. նման բան չեղավ: Եթե նման բան էլ լինի, կարևոր է, որ մեր քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություն չլինի, իսկ ես հավատացնում եմ, որ նման բան չի լինի», - ասաց նա:
Ճշտող հարցին, ճիշտ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ Փաշինյանի օգտին վաղը քվեարկելու են օլիգարխ պատգամավորները, իսկ նրա հասցեին սուր քննադատություններ հնչեցրած ՀՀԿ պատգամավորները կպահեն դեմքը և դեմ կքվեարկեն, Բաղդասարյանը նշեց, որ կլինի ՀՀԿ գործադիր մարմնի և խմբակցության նիստ: «Դա կլինի քաղաքական որոշման արդյունք», - հավելեց նա։
Անդրադառնալով հրապարակումներին, թե ՀՀԿ նախկին քվեարկության վրա ազդեցություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բաղդասարյանը նշեց.
«Ռոբերտ Քոչարյանին 5 տարի է դեմքով չեմ տեսել, հեռախոսով էլ չեմ խոսել։ Խնդրում եմ հանգիստ թողեք մեր երկրի նախկին նախագահներին», - նշեց նա՝ հավելելով, որ իր ղեկավարած խմբակցության վրա վերջիններս չեն կարող որևէ ազդեցություն ունենալ։