31/05/2018 22:34
Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ. Դավիթ Հարությունյան
Հանրապետական կուսակցությունը պատրաստ է թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Սակայն համարում ենք, որ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև։ Խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Առ այս պահը որևէ առաջարկ` մասնակցել այդ քննարկումներին, չենք ստացել», - ասաց նա:
Դ. Հարությունյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ ընտրություններում պետք է ներդրվի մատնահետքերի մեկ միասնական առնցանց միմյանց հետ փոխկապակցված բազա:
Իսկ այսպես կոչված բաց ցուցակներով համամասնական ընտրակարագը՝ ռեյտինգայինը, ՀՀԿ-ն օգտակար է համարում:
Հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ի այս հայտարարությունը, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանեց. «Երբ խոսքը վերաբերում է խորհրդարանական բոլոր ուժերին, համագործակցության եզրեր պետք է փնտրեն բոլորը: Ի՞նչով է պայմանավորված այս մեսիջը. այն թյուրընկալմամբ, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի տապալի ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ ընտրությունները»:
Դավիթ Հարությունյանի խոսքով` արտահերթ ընտրությունները պետք է լինեն քննարկումների արդյունքում:
«Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ: Մենք հայտարարում ենք, որ մեզ համար փակ հարցեր չկան», - ասաց նա: