31/05/2018 22:38
Հինգ ուղղությամբ ՀՀԿ-ն հետքայլ չի անելու. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստն այսօր երեկոյան, ինչպես և միշտ, վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ նիստին մասնակցել է նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Նիստը 2 ժամից ավելի տևեց, քանի որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, կուսակցության ռազմավարությունն ու մարտունակությունը, նաև մեր գնահատականը կառավարության առաջիկա ծրագրի վերաբերյալ», - ասաց նա:
Է.Շարմազանովը նշեց՝ ՀՀԿ-ն ազգային-պահպանողական կուսկացության է, իր գաղափարախոսության համաձայն շարունակելու է ակտիվ աշխատել:
Նրա խոսքով` ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն վիժեցնել կառավարության ծրագիրը:
«Մենք 5 քայլ ունենք, որոնցում հետքայլ չենք անելու` Արցախի հարց, Ցեղասպանության միջազգային հարց, ԵԱՏՄ, բանակ ու անվտանգություն և ազգային արժեքներ: Մնացած հարցերում պատրաստ ենք քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ», - ասաց ՀՀԿ խոսնակը:
Է.Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կառավարության ծրագիրը կընդունվի ԱԺ-ի կողմից:
«Իսկ ՀՀԿ-ն էլ գոտկատեղից ներքև հարվածներ չի տալու», - ասաց նա: