06/06/2018 11:35
Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու երկրորդ միջնորդությունը դատարանը դարձյալ մերժել է
Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվցած քրեական գործով մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կմնա ազատության մեջ. այսօր դատարանը մերժել է նրան կալանավորելու երկրորդ միջնորդությունը, որն այս անգամ ներկայացրել էր գործով հսկողություն իրականացնող դատախազը։
«Առաջին անգամ քննիչի ներկայացրած կալանավորելու միջնորդությունը մերժվեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ։ Սակայն երեկ մենք անակնկալ ձևով դատարանից տեղեկացանք, որ հսկող դատախազը որոշել է նույն միջնորդությամբ հանդես գալ դատարանում։ Մինչև ուշ գիշեր շարունակվեց միջնորդության քննությունը դատարանում և գիշերը դատարանը անցավ խորհրդակցական սենյակ, և այսօր առավոտյան հրապարակվեց այն մերժելու որոշումը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Օհանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը։
Դիտարկմանը, թե դատախազը նոր միջնորդությունը ներկայացնելիս կցել է նաև հանցանքին Կարեն Օհանյանի առնչությունը վկայող տեսագրություններ, ինչը նախկին միջնորդությունը ներկայացնելիս չի արել քննիչը, փաստաբանը արձագանքեց.
«Նոր բան չկար, դրանք ընդամենը այն տեսագրություններն էին, որոնց մասին խոսք էր գնում քննիչի ներկայացրած միջնորդության մեջ, բայց որը կցված չէր։ Այս անգամ այդ տեսագրությունները կցված են եղել։ Նաև ավելացել էր ևս մեկ քննչական գործողության արձանագրություն, որը իրավիճակ չէր փոխում։ Դատախազն ասում էր, թե իրավիճակ է փոխում, բայց դատարանը որոշեց, որ իրավիճակ չի փոխվում, և անձին կալանավորելու համար հիմնավոր կասկածը բացակայում է»։
Ավելի վաղ Aysor.am-ին Գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ մանրամասն ուսումնասիրվել է Կարեն Օհանյանին կալանավորելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դրան կից ներկայացված նյութերով հանդերձ:
«Արդյունքում պարզվել է, որ կոնկրետ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին չի տրամադրել քրեական գործում առկա՝ երկու տեսագրությունների զննությունների մասին արձանագրությունները, տեսանյութերը, որոնք ուղղակիորեն հաստատում են մեղսագրված արարքին մեղադրյալ Կ.Օհանյանի առնչությունը: Իսկ դատարանի նշված որոշման հիշյալ հիմնավորումները և մեկնաբանությունները բացառապես պայմանավորված են եղել մեղադրյալ Կ. Օհանյանի վերաբերյալ նախաքննության ընթացում ձեռք բերված ապացույցները դատարանի տրամադրության տակ չլինելով:
Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև կալանավորման կիրառման հիմքերի առկայությունը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հունիսի 5-ին կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները», - նշել էին գլխավոր դատախզությունից:
Կարեն Օհանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգություններին մասնակցությունը»։